Սեպտեմբերի 6-ի առավոտյան Թբիլիսի է ժամանել ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը՝ դեմոկրատ-կոնգրեսական Ջիմ Մարշալի գլխավորությամբ: Թբիլիսիի օդանավակայանում Մարշալն իր ցավակցություններն է հայտնել Աֆղանստանում վրացի զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Ես Ջորջիա նահանգից եմ, որտեղ բնակվող բազում երիտասարդներ զոհվել են Աֆղանստանում: Բայց պետք է հպարտ լինել, որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ»,- ասել է նա:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպելու է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, կառավարության անդամների, նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներում քննարկվելու են վրաց-ամերիկյան հարաբերությունները, ընթացիկ քաղաքական գործընթացները եւ ԱՄՆ աջակցությունը Վրաստանում կատարվող բարեփոխումներին: