Սեպտեմբերի 4-ի լույս  5-ի գիշերը  եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից եւ նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի  կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը ДШК եւ ПК տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ AК ինքնաձիգերից' շուրջ 3000 փամփուշտ:  

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: Հայ դիրքապահներին հաջողվել է մերձամարտի արդյունքում գնդակահարել հրոսակներից մեկին: Դիվերսիոն խումբը փախուստի ժամանակ պայթել էր ականի վրա: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր երկու զոհի մասին: 

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Այսպես, օգոստոսի 31-ի առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին: