Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել, որի մասնակիցները պահանջում են, Վրաստան ժամանելուն պես, ձերբակալել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ հենց Գորբաչովն է մեղավոր 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների եւ մարդկային զոհերի համար (այդ օրը ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերը բռնությամբ եւ զոհերի գնով ցրեցին բազմահազարանոց ցույցը):
Մասնավորապես, Ազգային ճակատի նախագահ Նոդար Նաթաձեն հայտարարել է, որ «արյունալի հանցագործությունների մեջ կասկածվող Գորբաչովին Վրաստանի իշխանությունները կարող են ձերբակալել, հենց որ նա հատի Վրաստանի սահմանը»: «Եթե Գորբաչովը պատրաստվում է այցելել Վրաստան, դա նշանակում է, որ մեր երկրի իշխանությունները ռուսական լրտեսներից են կազմված»,- ասել է Նաթաձեն:
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Վրաստան է ժամանելու ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նրանք Թբիլիսիում մասնակցելու են համաշխարհային առաջնորդների 5-րդ միջազգային սիմպոզիումին: Ֆորումի ընթացքում քննարկումներ են տեղի ունենալու արդիական թեմաներով, այդ թվում տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային դժվարությունների, առկա հակամարտությունների եւ Կովկասի ռազմավարական կարեւորություն ունեցող բնական ռեսուրսների մասին:




























