Իլհամ Ալիեւը «ուզուն ախմախ է» (բոյով հիմար), ինչի վկայությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա ներկայացված զավեշտալի բանաձեւն է: Ադրբեջանի նախագահին ուղղված այս գնահատականի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն է: Նա սեպտեմբերի 6-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ  բանավեճի ընթացքում հայտարարեց, թե ՄԱԿ ներկայացված «բանաձեւը չարժե այն թուղթը, որի վրա այն գրված է» եւ հավելեց, որ եթե անգամ այդ բանաձեւն ընդունվի, «կոպեկի արժեք չի ունենալու»:

«Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դա ընդունվեր, դա ուրիշ բան է: Սակայն ԱԽ-ում, ինչպես հայտնի է, հարցերը լուծվում են կոնսենսուսով, իսկ  Ռուսաստանը, Ֆրանսիան դեմ են դրան:  Կարծում եմ, որ այդ բանաձեւը չի հասնի Անվտանգության խորհուրդ, քանի որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,-նշեց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ քանի որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւերը որեւէ իրավական ուժ չունեն, ապա դրանք պետք է արհամարհել եւ ոչ մի նշանակություն չտալ դրանց:  

Լարիսա Ալավերդյանն, իր հերթին նշեց, որ ՄԱԿ-ը քաղաքական կազմակերպություն է եւ պետք չէ թերագնահատել այդ մարմնի ընդունած որոշումների թեկուզ եւ քաղաքական հետեւանքները: «Այսինքն, Ձեզ համար որեւէ քաղաքական կազմակերպության որոշումը պարտադիր պետք է իրավական հետեւանքներ ունենա, որ նոր նշանակությու՞ն ունենա: Ինձ շատ հետաքրքիր է՝ քաղաքական ուժի համար քաղաքական կազմակերպության կողմից ընդունված որոշումները ուժ չունե՞ն»-Պետրոսյանին հարց ուղղեց Ալավերդյանն ու հավելեց. «Շատ տարօրինակ է, որ քաղաքական ուժն իրեն իրավական ատյան է համարում եւ սպասում է, որ միայն իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ ընդունվի»: «Ժառանգության» քարտուղարի խոսքով՝ քաղաքական ուժի խնդիրն այն է, որ վարի այնպիսի քաղաքականություն, որ անգամ քաղաքական հնչեղություն ունեցող փաստաթղթերում չլինեն վնասակար ձեւակերպումներ:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: