Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին բրիֆինգում այսօր՝ սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում իր եւ ԱԺ պատգամավոր, «Մաքս Գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանի միջեւ թշնամանքի լուրերը։ «Պարոն Մանուկյանի հետ մեր հարաբերությունները լարված չեն, նորմալ աշխատանքային հարաբերություններ են։ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերն իր հարցազրույցների ընթացքում մի քանի հարցադրումներ է կատարել հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի վերաբերյալ։ Քանի որ այնտեղ կային լուրջ հակասություններ, որոշեցի արձագանքել»,- ասաց Ա. Շաբոյանը։
Հիշեցնենք, որ Խ. Մանուկյանը իր մի քանի հարցազրույցներում քննադատել էր Հանձնաժողովի որոշումը՝ թռչնաֆաբրիկաներին տուգանելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը սեպտեմբերի 1-ին մամուլի միջոցով արձագանքել էր Խ. Մանուկյանի քննադատություններին եւ նշել, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան, ի տարբերություն տուգանված մյուս թռչնաֆաբրիկաների, շարունակում է առանց մակնշման ձվերի իրացումը։



























