Եվրամիությունը ծայրահեղ անհանգստացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված ընդհարումներով, որոնց արդյունքում զոհեր են եղել երկու կողմերից էլ: Այդ մասին, ըստ ադրբեջանական AZE.az գործակալության, Բաքվում լրագրողներին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  կարտահայտեն իրենց տեսակետն այդ կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը: Հայ դիրքապահներին հաջողվել է մերձամարտի արդյունքում, գնդակահարել հրոսակներից մեկին: Դիվերսիոն խումբը փախուստի ժամանակ պայթել էր ականի վրա: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր երկու զոհի մասին:

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Այսպես, օգոստոսի 31-ի առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին: