Հայաստանում այս պահին ալյուրի մանրածախ գինը առավելագույնը 200 դրամ է, եւ դա հնարավոր նվազագույն գինն է։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով, հարեւան երկրներում գները մոտավորապես նույնն  են, թեեւ այդ երկրներում ներկրման եւ տեղափոխման ծախսերն ավելի քիչ են։ Ըստ Շաբոյանի՝ տրանսպորտային ընկերություններն օգտվել են առիթից եւ օգոստոսին բարձրացրել են տրանսպորտային ծառայությունների սակագները, ինչն իր ազդեցությունն է թողել նաեւ ներկրվող ցորենի եւ ալյուրի գների վրա։

Նրա տեղեկացմամբ՝ Եվրոպայում ներկայում ցորենը վաճառվում է տոննան 300 դոլարով, իսկ Ուկրաինայում՝ 320 դոլարով։

Ա. Շաբոյանի հայտարարությունից հետո NEWS.am-ը մոնիտորինգ անցկացրեց երեւանյան խանութներում՝ պարզելու, թե ինչ գներ են գործում ալյուրի մասով։ Ի զարմանս մեզ՝ ստուգման ենթարկված մի քանի տասնյակ խանութներից ու սուպերմարկետներից միայն երկուսում էր, որ ալյուրը վաճառվում էր առանց փաթեթավորման (այսինքն՝ անմիջապես պարկից)։ Մեկը «Բարի Սամարացի» սուպերմարկետն էր, որտեղ «Արմաշի ալյուր» անունը կրող բարձր կարգի ալյուրը վաճառվում է կգ-ը 230 դրամով (62 ցենտ), մյուսը Աբովյան փողոցի վրա գտնվող մի խանութ էր, որտեղ «Բաղրամյանի ալյուր» անունը կրող ալյուրը վաճառվում էր կգ-ը 200 դրամով (54 ցենտ)։ Մյուս բոլոր խանութներում ու սուպերմարկետներում ալյուրը վաճառվում է բացառապես փաթեթավորված, սակայն դրանց գինը սկսում է կգ-ը 280 դրամից (77 ցենտ)։ Նշենք, որ մի քանի օր առաջ, առանց փաթեթավորման Արմաշի ալյուրը վաճառակետերում վաճառվում էր կգ-ը 260-270 դրամով։ Հետեւաբար՝ Ա. Շաբոյանի այն հավաստիացումը, որ ալյուրի առավելագույն մանրածախ գինը երեւանյան խանութներում 200 դրամ է, իրականությանը չի համապատասխանում։