Քաղաքացիական միասնության եւ Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունները Բաքվում ստորագրել են «Դեմոկրատիա» նախընտրական դաշինքի ստեղծման համաձայնագիրը:
Ինչպես հաղորդել են լրագրողներին, դաշինքը ցուցակների ճշտումից հետո թեկնածուներ է ներկայացնելու ավելի քան 100 տեղամասերում: Քաղաքացիական միասնություն կուսակցության նախագահ Սաբիր Ռուստամխանլին հայտարարել է, թե քննարկումներից հետո հնարավոր է որոշ զիջումներ արվեն այլ կուսակցությունների: «Բայց զիջումների չենք գնա մեզ համար կարեւոր տեղամասերում»,- ասել է նա:
Իրենց հերթին, Ադրբեջանի լիբերալ կուսակցությունն ու քաղաքացիության եւ զարգացման կուսակցությունը հռչակել են »Հանուն մարդու» դաշինքի ստեղծումը:
Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Իլհամ Ալիեւի կուսակցության նախաձեռնությամբ, համամասնական ընտրակարգով ընտրությունները չեղյալ են հայտարարվել: Խորհրդարանը ընտրվում է 125 մեծամասնական ընտրատարածքներից:




























