Ֆրանսիայի հարավում՝ Սեստաս քաղաքի հարեւանությամբ Եվրոպայի խոշորագույն արեւային էլեկտրակայանն է ստեղծվել: Այս մասին հաղորդել է գլխավոր օպերատոր՝ Neoen ընկերությունը:
Համալիրի հզորությունը 300 մեգավատտ է, ինչը բավարար է 300 հազար բնակչության քաղաքն էլեկտրականությամբ ապահովելու համար: Կայանից ոչ հեռու գտնվում է Բորդո քաղաքը, այնպես որ՝ էներգիայի պահանջարկ միշտ էլ կլինի:
Ըստ ՏԱՍՍ-ի, արեւային էլեկտրակայանը գործի է դրվել փուլ առ փուլ՝ այս տարվա սեպտեմբերից սկսած: Հիմա այն գործում է ամբողջական հզորությամբ՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածիի համեմատ երկրում արեւային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացնելով 22%-ով:
Նախագծի համար 360 մլն եվրո է ներդրվել, որի 60%-ը տրամադրել են ֆրանսիական ընկերությունները:
Էլեկտրացանց ուղղվող արեւային էներգիայի արժեքը 105 եվրո է՝ 1 մեգավատտի դիմաց, ինչը փոքր-ինչ ավելի է հողմային գեներատորներից ստացված էներգիայից (95 եվրո):





























