Արհեստական ինտելեկտով ռոբոտները 10-20 տարի անց կկարողանան կատարել ավելի քան մեկ երրորդը այն աշխատանքների, որն այսօր Ճապոնիայում մարդիկ են կատարում:   Մասնավորապես, ռոբոտները կդառնան սուպերմարկետների աշխատողներ, տաքսու վարորդներ, հյուրանոցներում հավաքարարներ, պահակներ, ասված է Նոմուրայի հետազոտական ինստիտուտի զեկույցում, որի կազմմանը մասնակցել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, տեղեկացնում է  NHK հեռուստաընկերությունը:

Նոմուրայի ինստիտուտը գործում է Ճապոնիայում առաջատար  «Նոմուրա սեքյուրիտիզ» ներդրումային բանկին կից: Նրա փորձագետները վերլուծել են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են Ճապոնիայում առավել տարածված մասնագիտությունների համար:  Ռոբոտատեխնիկայի զարգացման կանխատեսումները ցույց են տվել, որ արհեստական ինտելեկտով սարքերն ապագայում կկարողանան կատարել   աշխատանքի 601 տեսակից 235-ը, որոնք ուսումնասիրվել են հետազոտության ընթացքում: Ներկայումս դրանցով զբաղված է Ճապոնիայի  մոտ   25 միլիոն բնակիչ` աշխատուժի 49 տոկոսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ նշված ժամանակահատվածում հնարավոր չի լինի փոխարինել այն մարդկանց, որոնք մարդկանց հետ ակտիվ շփում ենթադրող, ստեղծագործ մասնագիտություն ունեն, մասնավորապես` երաժիշտներին, կինոռեժիսորներին եւ այլն: Փորձագետները նաեւ ենթադրում են, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է հանգեցնել մի շարք մասնագիտությունների անհետացման:  

Հետազոտությունը կապված է Ճապոնիայում բնակչության արագ ծերացման հետ, ինչը աշխատուժի աճող պակաս է առաջացնում: Մասնագետները ենթադրում են, որ մարդագրական ներկայիս միտումների պահպանման դեպքում  2040 թվականին մոտ Ճապոնիայի բնակչության  36 տոկոսից ավելին 65 տարեկանից մեծ կլինի: