Սերժ Սարգսյանը ծանոթ է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ` Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին եւ դրդապատճառներին, հասկանում է դրանք, բայց չի ընդունում։

«Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն»,– հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է նախագահը։

Նրա խոսքով` Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը փոխվել են, եւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել։

«Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ: Այսօրվա աշխարհն էլ 10 կամ 20 տարի առաջվա աշխարհը չէ: Աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ենք. 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` Նախագահ և Խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող»,– ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նոր իրողությունների պայմաններում այսօր մենք ունենք 3 ճանապարհ։

«Ճանապարհ մեկ՝ թողնել գործընթացներն այսպես զարգանան, ինչն ինձ համար ընդունելի չէ:

Ճանապարհ երկու՝ պակասեցնել ժողովրդավարությունը: Դա էլ ինձ համար ընդունելի չէ, որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք, և այդ բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործել, չի գործում և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն: Հայաստանին անհրաժեշտ է կանոնակարգել իր կյանքը, որպեսզի այդ կյանքը դառնա շատ ավելի հաճելի: Մենք չունենք այդ ռեսուրսը: Այդ ռեսուրսը կարող են օգտագործել մեր այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և չգիտեն` այն ու՞ր դնեն՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: Աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի, իրենց իշխանությունն էլ ամուր կլինի և իրենք 90 տոկոս ձայն կստանան: Մենք չունենք այդ հնարավորությունը:

Եվ երրորդ ճանապարհը՝ կարող է շատերին տարօրինակ թվալ, բայց այդ երկու մանդատների կոնֆլիկտը, որ սպառնալիք է մեր անվտանգությանը, ժողովրդավարությունը մեկ աստիճան բարձրացնելով, մենք այդպիսով խնդիրը լուծում ենք: Մեր խնդիրն այն չէ, որ ժողովրդավարությունը սահմանափակենք, միտինգները սահմանափակենք, այս ու այն սահմանափակենք: Մեր խնդիրը՝ մեկ աստիճան բարձրացնելն է, իհարկե, այդ ընթացքում նաև կանոնակարգելով պետական ինստիտուտների գործառույթները: Երբ պետական ինստիտուտների գործառույթները խառնված են, չի կարող դրանից լավ բան լինել: Պատասխանատուն պետք է լինի մեկը, իրավունքը պետք է լինի այդտեղ և, իհարկե, պետք է լինեն վերահսկողներ, որպեսզի գործընթացը ճիշտ ընթանա: Մենք այսօր շատ ավելի հասուն հասարակություն ենք, և ով դա չի տեսնում, իր խնդիրն է»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով երկու նախագահների հնչեցրած քննադատությունների դրդապատճառներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ դրանք կարող են բազմաթիվ լինել, որոնցից մեկն այն է, որ յուրաքանչյուր նախագահ կարծում է` ամենաճիշտը իր նախագահության ժամանակ ընդունված Սահմանադրությունն է։

«Մարդիկ տասը տարի ղեկավարել են մեր երկիրը և այդ ընթացում ընդունել են սահմանադրություններ` առաջին Սահմանադրությունը, Սահմանադրության փոփոխությունները: Գիտե՞ք, երկրի հիմնական օրենքը մի տեսակ զավակի նման է: Հիմա ուզում են փոխել դա: Ես հասկանում եմ, եթե իրենք այլ կերպ համոզված լինեին, այլ կերպ կընդունեին Սահմանադրությունը կամ այլ կերպ կփոխեին: Իրենց համոզմունքը դա է: Ամենաճիշտ Սահմանադրությունը, առաջին Նախագահի կարծիքով, այն Սահմանադրությունն է, որ մենք ընդունել ենք, երկրորդ Նախագահի կարծիքով՝ այս մյուս Սահմանադրությունը: Բայց, արդյո՞ք, նախկին նախագահների կարծիքը պետք է որոշիչ լինի ինձ համար: Նորից եմ ասում՝ ես հարգում եմ բոլորի կարծիքները, այդ դեպքում, եթե նախկին մի նախագահը մի բան ասի, երկրորդ նախագահը՝ մեկ ուրիշ, իսկ 15 տարի հետո էլ երրորդ, չորրորդ Նախագահը, իսկ գործող Նախագահն ի՞նչ պետք է անի: Կարծիք արտահայտելը լավ բան է, այ, մերկապարանոց մեղադրանքը՝ վատ է»,– ասել է Սերժ Սարգսյանը: