2011 թվականից Հայաստանում սոցիալական քարտերը փոխարինվելու են անձը հաստատող քարտերով։ Դրանք կունենան հատուկ չիպեր՝ կեղծիքներից խուսափելու համար։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում նոր՝ անտեսանելի չիպերով անձնագրերի տարբերակներ մշակելու ուղղությամբ, որոնք կներառեն նաեւ քաղաքացու կենսաբանական տվյալները։ Այդ անձնագրերը կօգտագործվեն արտասահման մեկնելու դեպքում, իսկ անձը հաստատող քարտերը՝ երկրի ներսում բոլոր տեսակի գործարքների ժամանակ։
NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ նոր տեսակի փաստաթղթերը՝ անձը հաստատող քարտերն ու անձնագրերը, պատրաստվելու են Էստոնիայում։ Սակայն «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն այդ տեղեկատվությունը քիչ հավանական է համարում։ «Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը 12 մլն դոլար է հատկացրել այդ ծրագրին, իսկ մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի կեսին»,- NEWS.am-Ինովացիայի թղթակցին ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ մրցույթը բաց է, եւ տարբեր երկրների ընկերություններ հնարավորություն կունենան մասնակցելու։ Չոբանյանի խոսքով՝ նման ծրագիր իրականացնելու հետաքրքրությունը մեծ կլինի այն երկրներում, որոնք որոշակի փորձ ունեն այդ ոլորտում։ Չոբանյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը կենսաչափական տվյալներով անձնագրեր կամ չիպերով անձը հաստատող փաստաթղթեր պատրաստելու փորձ չունի:
Լուսինե Մովսիսյան




























