Եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին։ Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սագսյանը։

Մեջբերում անելով Սերժ Սարգսյանի` 2015թ. հուլիսի 18-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ունեցած ելույթից` «Եվս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ չեմ պատրաստվում դառնալ... Սահմանադրական փոփոխությունները պետք են պետությանը և երկրին: Եթե ժողովուրդը ընդունի այդ բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, ուշադրություն դարձրեք, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Ազգային Ժողովի նախագահի և թե Վարչապետի պաշտոնին», «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող Արամ Աբրահամյանը հարցրել է` արդյոք  դա համապատասխանու՞մ է իրականությանը, որովհետև ելույթի ձայնագրություն կամ տեսագրություն չկա, եւ եթե այո, ապա արդյոք դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը տեսականորեն ընդունում է, որ կարող է լինել Ազգային ժողովի նախագահ և վարչապետ։

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ հարցի երկրորդ մասը ճիշտ է մեջբերված, առաջինը` ոչ այնքան։

«Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչու՞ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Խոստանալով անհրաժեշտության դեպում հրապարակել վերոնշյալ նիստին իր խոսքի սղագրությունը` նախագահն ասել է, որ ինքն այդ ժամանակ նաեւ ասել է, որ չի պատրաստվում իր նախագահության ժամկետից թեկուզ մեկ օր պակաս աշխատել։

«Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա վարչապետ, նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից: Դրա համար հիմա խոսել այդ մասին, ես չեմ կարծում իմաստ ունի: Մոտեցումները բոլոր պարագաներում նույնն են:

Երկրորդ մասը ես շատ ավելի հստակ եմ ասել, ելնելով այն պարզ հանգամանքից, որ մարդիկ շահարկում են, ասում են՝ այս փոփոխությունն անում է, որ գնա ու դառնա: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է... և հեքիաթներ են պատմում՝ իրենք չունեն նախագահի թեկնածու, իրենք չունեն սա, իրենք չունեն նա: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին: 3 այլ ոչ թե՝ մեկ, առնվազն՝ 3: Ժամանակը կգա, դուք կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ, եթե այդ առիթը ունենանք: Իսկ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններ լինեն, հետո կխոսենք դրա մասին:

Հարցին` արդյոք դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է 2014թ. ապրիլի 10-ին մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը իր հայտարարությունից, որ ինքը գերադասում է նախագահական համակարգը, եւ չի պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահը պատասխանել է. «Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես,ուղղակի, չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում»: