ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների հսկողությամբ զբաղվող վարչությունը (FDA) պատմության մեջ առաջին անգամ անվտանգ է համարել սննդի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանի օգտագործելը: Խոսքը, տվյալ դեպքում սաղմոն ձկան մասին է, որը սովորական սաղմոնից 2 անգամ արագ է աճում, հաղորդում է MedPortal.ru-ն` հղում անելով AFP-ին:
AquAdvantage անվանումն ստացած ձուկը մշակվել է Մասաչուսեթս նահանգում գործող Aqua Bounty Technologies ոչ մեծ ընկերությունում: FDA-ի փորձագետները պնդում են, որ այս ձուկը որպես սնունդ օգտագործելը որեւէ վտանգ չի ներկայացնում, քանի որ որեւէ տարբերություն չունի բնական սաղմոնի համեմատությամբ:
Նախագծի հակառակորդները սննդի անվտանգության գծով փորձագետներն են եւ շրջակա միջավայրի պաշտպանները: Նրանք նշում են, որ առկա տվյալները բավարար չեն պնդելու համար, որ այդ ձուկը անվտանգ է որպես սնունդ օգտագործելու համար:
Center for Food Safety հասարակական կազմակերպության վերլուծաբան Ջեյդի հանսոնը հայտարարել է, որ AquAdvantage-ի ալերգիկության անալիզը կատարվել է միայն ձկան 6 նմուշների վրա, որը ոչ մի դեպքում բավարար համարվել չի կարող: Նրա խոսքով, Aqua Bounty-ն պետք է մասշտաբային կլինիկական փորձեր կատարի, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրի արհեստական ձուկ ուտելու ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Իսկ Aqua Bounty ընկերությունն էլ նշում է, որ նոր տեխնոլոգիան կարող է մեծացնել ձկան ազգային արտադրությունը եւ նվազեցնել էկոլոգիական կորուստները` չափից դուրս սաղմոն որսալու դեպքում:




























