Հայաստանում Beeline-ը եւ ՀՀ Քննչական կոմիտեն ստորագրել են հուշագիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հարցերի շուրջ փոխգործակցության վերաբերյալ:
Փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել ընկերության եւ ՀՀ Քննչական կոմիտեի փոխհամագործակցության արդյունավետությունն ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձնական տվյալների եւ հեռախոսազանգերի վերծանումների մանրամասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում:
«Հայաստանում կապի բոլոր օպերատորները դատարանների որոշումների հիման վրա Քննչական կոմիտեին տրամադրում են տարատեսակ տեղեկատվություն: Նախկինում հստակ կանոնակարգի բացակայության եւ փոստով առաքման պատճառով փաստաթղթերի տրամադրումը երկար ժամանակով երկարաձգվում էր: Նոր տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման, ինչպես նաեւ գործընթացը կանոնակարգելու կողմերի պատրաստակամության շնորհիվ այդ ժամկետները կկրճատվեն հինգից տաս անգամ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։





























