Շվեյցարիան հասարակության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ակտիվ էֆթանազիային, այսինքն, երբ հիվանդի խորհրդով, բժիշկները դեղ են դուրս գրում, որը հանգեցնում է օրգանիզմի կենսական ֆունկցիաների դադարեցման` մահվան:

Ցյուրիխի քրեաբանության ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով, Շվեյցարիայի քաղաքացիների 86 տոկոսը կարծում է, որ հիվանդը նման իրավունք ունի: Հարցվածների 82 տոկոսը թույլատրելի է համարում հարազատների համաձայնությամբ պասիվ էֆթանազիան. օրինակ կոմայի մեջ գտնվող հիվանդի արհեստական շնչառության ապարատի անջատումը:

Ներկայումս Շվեյցարիայի կառավարությունը համապատասխան օրենքի նախագիծ է մշակում, որը կսահմանի էֆթանազիայի պայմանները: Օրինագիծը խորհրդարան կներկայացվի մինչեւ այս տարվա վերջ:

Նշենք, որ Եվրոպայում առաջինը էֆթանազիան օրինականացվել է Նիդերլանդներում (2002-ին), ապա նաեւ Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում:

Հիշեցնենք, որ էֆթանազիայի խնդիրը հասարակության լայն շրջանակների քննարկման առարկա դարձնելուն ամենից շատ նպաստել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է «Դոկտոր մահ» անունով: Գեւորգյանը լինելով բժիշկ, մշտապես կողմ է արտահայտվել էֆթանազիային, երբ այլեւս անհնար է որեւէ օգնություն ցույց տալ հիվանդին եւ երբ նրա տանջանքները անիմաստ են դարձնում հետագա կյանքը: 1989-ին նա մշակել է «մերսիտրոնը»` ինքնասպանության ապարատը: 1990-ի հունիսի 4-ին օգտագործելով «մերսիտրոն» ինքնասպան է եղել «Դոկտոր մահի» առաջին հիվանդը, ով տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-98 թթ մերսիտրոն օգտագործել է ավելի քան 130 մարդ:

Նշենք, որ Ալ Պաչինոն խաղացել է «Դոկտոր մահի» դերը Բարի Լեւինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում (2010 թվական):