Իրանը մեծացրել է ցածր հարստացված ուրանի արտադրությունը: ՄԱԿ-ի այս տարվա մայիսի զեկույցի համաձայն, Իրանում ցածր հարստացված ուրանի արտադրությունն ավելացել է շուրջ 15 տոկոսով, կազմելով 2,8 տոննա:

Ինչպես հայտնում է BBC-ն, դա վկայում է այն մասին, որ Թեհրանը շարունակում է աշխատանքները ամբողջ միջուկային ծրագրի ուղղությամբ, չնայած միջազգային հանրության կողմից կիրառվող խիստ պատժամիջոցներին:

Փորձագետները կարծում են, որ 2,8 տոննա ուրանի պահուստներ ստանալով, Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչեւ 90 տոկոս, ինչն արդեն բավարար կլինի միջուկային զենք ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած 1929 բանաձեւը, որով Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառվում: Այնուհետեւ Իրանի դեմ լրացուցիչ, միակողմանի պատժամիջոցներ կիրառեց նաեւ ԱՄՆ-ը, ապա նաեւ հուլիսի 26-ին` ԵՄ երկրները: