Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, այսօր կտեղափոխվի Երեւան:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվում է նաեւ նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող եւս մեկ հիվանդի տեղափոխման հարցը:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ եւս առկա է դրական շարժընթաց: Հիվանդերից մեկին այսօր կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել:

Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք ապաքինման փուլում են:

Տուժածների Երեւան տեղափոխելու մանրամասները եւ նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ` մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով: