2015թ. ընթացքում Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 100 հազարով ավելացել է։ Այս մասին դեկտեմբերի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ամփոփելով տարվա արդյունքները։

«Դա շատ լուրջ առաջնայնություն է շատ մրցունակ շուկայում՝ նաեւ հաշվի առնելով միգրացիայի հետ կապված հարցերը։ Նշանակում է, մեզ վստահում են, եւ շատ հարցերում մեզ հետ ավելի հեշտ է եւ հարմար, քան մեր շատ հարգելի մրցակիցների հետ»,- ասել է Պյատախինը։

Նա հիշեցրել է, որ 2015թ. հոկտեմբերին Beeline-ը «Լավագույն հանրային ծառայող եւ լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն գնային առաջարկներով կապի օպերատոր» մրցանակին

«Դա հերթական անգամ հաստատում է, որ մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին՝ «պարզ, հարմար, քեզ համար» կամ «բաժանորդի համար», ինչպես նաեւ «լավագույն գին» սկզբունքներին»,- ասել է Պյատախինը։

Հիշեցնենք, որ 2014թ. Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվն աճել է մոտ 12 տոկոսով եւ կազմել ավելի քան 777 հազար։