Հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում. երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում դեսպանների դերը՝ հորդորել է նորանշանակ դեսպանին ջանքեր գործադրել առավել զարգացնելու առկա հարաբերությունները:
Գալուստ Սահակյանը նշել է. «Հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում. երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել»:
Ազգային ժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեության վերաբերյալ: ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդարանական մակարդակով երկխոսությունը խթանում է համագործակցությունը բոլոր բնագավառներում:
Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է հայ-իրանական համատեղ ծրագրերին եւ հույս հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի դրանց իրականացմանը եւ նոր ծրագրերի նախագծմանը: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ ինչպես միշտ խորհրդարանը կհամագործակցի իրանական դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը:
Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Ըստ նորանշանակ դեսպանի՝ պետք է նպաստել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների առավել խորացմանը եւ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացմանը:
Դեսպանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում իրականացվելիք ծրագրերը, ընթացքի մեջ գտնվող նախագծերը, որոնք իրականացվում են առողջապահության, կրթության, մշակույթի եւ տնտեսության ոլորտներում:
Սեյեդ Քազեմ Սաջադին, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ հետամուտ կլինի խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության եւ փոխայցելությունների ակտիվացմանը:




























