Առաջին անգամ տարածաշրջանում տեղի կունենա յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) անվանումը կրող նախագիծը Երեւանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. եւ դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետեւ ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում  եւ Եկատերինբուրգում` ունենալով գլխապտույտ հաջողություն:

Եվ ահա առաջին անգամ այս հրաշալի ցուցահանդեսը կհյուրընկալվի Երեւանում, ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 եւ 2016թ. հունվարի 1): Ցուցահանդեսը անցկացվելու է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում:  Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին եւ 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900դր. եւ 3900դր.:  Կլինի նաեւ հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:  

Երեւանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը եւ ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարեւորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի եւ դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների եւ այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ եւ հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից եւ էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014թ. CelBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնի հետ:

Երեւանում կհյուրընկալվեն նաեւ Պարո ճապոնական ռոբոտը, որը թույլ է տալիս հիվանդանոցներում եւ ծերանոցներում կենդանիների օգնությամբ կիրառել թերապիայի առավելությունները` ի օգուտ մարդկանց, ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ, ուկրաինական մատուցող ռոբոտ Յոշան, Հարավային Կորեայից Ռոբոֆուտբոլը եւ մի շարք այլ հետաքրիր ու տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով ռոբոտներ: 

 Կարեւորելով ցուցահանդեսի դերը հայաստանյան հանրության կյանքում` ցուցահանդեսի կազմակերպման համար Ամերիաբանկը ներգրավել է իր մի շարք գործընկերներին:

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր գործընկերներն են  «Երեւան Մոլ» համալիրը եւ «Երեւան Փրոդաքշն» ընկերությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հանդես է գալիս ռոբոտների ապահովագրությամբ, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ն` ինֆորմացիոն աջակցությամբ: 

Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են` «Արայ»  կենցաղային տեխնիկայի խանութների ցանցը, «Տեխնոլայֆ» ՍՊԸ-ն, «Ռուսսկոյե ռադիո» եւ «Ռադիո Վան» ռադիոալիքները, «Մատիտ», «Creato», «The Twenty Two» դիզայներական ընկերությունները, Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը,  «GАT» ընկերությունը, UITE-ն, «Այբ» դպրոցը, «UNITY Production», «GAT Cutting» ընկերությունները, ImYerevan.com ինտերնետային եւ cult.am մշակութային պորտալները, «Ասողիկ» հրատարակչությունը: 

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: