Beeline խմբի շրջանակում ամենից ակտիվորեն Հայաստանում են օգտվում բջջային ինտերնետից: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Երեւանում լրագրողներին հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` ամփոփելով 2015-ի արդյունքները:
Նրա խոսքով, բջջային ինտերնետի մեկ բաժանորդին ամսական մոտ 2 ԳԲ է բաժին ընկնում (ֆիքսված` մոտ 4 անգամ շատ): Հայաստանում բջջային եւ ֆիքսված ինտերնետի թրաֆիկի հարաբերակցությունն արդեն 30/70 տոկոս է կազմում, մինչդեռ 2 տարի առաջ 7/93 տոկոս էր: Այլ հարց է, որ սմարթֆոնների համեմատաբար քիչ օգտագործման պատճառով բջջային ինտերնետի մասնաբաժինը ընդհանուր թրաֆիկ/քում այնքան էլ բարձր չէ: Բայց նրանք, ովքեր արդեն ունեն սմարթֆոն, շատ ակտիվորեն են օգտվում. «ՎիմպելԿոմ» ընկերության ամբողջ խմբի շրջանակում, իսկ դա աշխարհի 16 երկիր է նշանակում, հայ բաժանորդները մեկ ակտիվ օգտատիրոջ հաշվարկով ամենից շատ են ինտերնետ օգտագործում:
«Բջջային ինտերնետն անհրաժեշտ է, դրանից օգտվում են: Եթե ըստ տարիների համեմատենք, ինտերնետից օգտվելու աճը ավելի քան 50 տոկոս է կազմել: Շուկայում աճում է ցանցին միացած սմարթֆոնների թիվը: Որքան ավելի մատչելի են դրանք, այնքան ավելի ակտիվորեն են օգտվում դրանցից, իսկ Beeline-ը տալիս է մատչելի սմարթֆոններ ունենալու հնարավորություն: Ավելի գրավիչ է դառնում նաեւ ինտերնետի արժեքը», - հավելել է Պյատախինը:
Այժմ Հայաստանի բջջային ցանցում հիմնական ներդրումներն ընկերությունն ուղղում է հենց ինտերնետին, հավելել է նա: Նոր բազային կայաններ են կառուցվում, ընդլայնվում են ուղիները բազային կայանների միջեւ եւ արտաքին մայրուղիները` Ֆրանկֆուրտի, Ռուսաստանի եւ թրաֆիկի այլ ուղղությունների հետ:
Ընդ որում` օգտատիրոջ համար կարեւոր չէ` բջջային է ինտերնետը, թե ֆիքսված: Կարեւոր է այն, որ օգտատերերը միշտ ուզում են կապի մեջ լինել: «Տանը մարդը wi-fi է օգտագործում, եւ նրա համար կարեւոր չէ, թե ինչ տեխնոլոգիայով է փոխանցվում դա: Տնից դուրս գալով` նա միանում է հեռախոսին կամ պլանշետին, սրճարան կամ ռեստորան գալով` անցնում է wi-fi-ի, հետո դարձյալ օգտվում է ֆիքսված ինտերնետից: Օգտատիրոջ նման պրոֆիլ այժմ գրեթե բոլորն ունեն, եւ կարեւոր չէ` դա կորպորատիվ հաճախորդ է, թե ֆիզիկական անձ», - նշել է Պյատախինը:
«ԱրմենՏելը» (Beeline-ի` «ՎիմպելԿոմ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության ապրանքանիշը») – Հայաստանի խոշորագույն օպերատորներից եւ հարկատուներից է:



























