2016 թվականին Beeline-ը Հայաստանում կընդլայնի առցանց-բանկինգի կապի հնարավորությունները: Այս մասին դեկտեմբերի 4-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2015 թվականը՝ հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով, Beeline-ը բազմաթիվ անելիքներ ունի ե՛ւ որպես օպերատոր, ե՛ւ ֆինանսական կազմակերպություն: Որքան պարզ եւ հարմար է ծառայությունը եւ, իհարկե, էժան, այնքան ավելի շատ են օգտվում դրանից:

«Այդ մասին է վկայում Իտալիայում մեր քույր-ձեռնարկության՝ Wind-ի օրինակը: Վստահ եմ, որ 2016 թվականին մենք զգալիորեն կընդլայնենք ֆինանսական ծառայությունների համար կապի օպերատորի հնարավորությունները: Պատրաստ ենք աշխատել ցանկացած բանկի եւ ձեռնարկության հետ՝ այդպիսի ծառայությունների մշակումն ավարտին հասցնելու եւ դրանց հաճախորդին ավելի հարմար դարձնելու համար»,- հայտարարեց Պյատախինը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին Beeline-ը Հայաստանում առաջինը ներդրեց համացանցով բջջային եւ ֆիքսված կապի վճարման համակարգը: Ընդ որում, ծառայությունը ներկայացվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ ամերիկյան այն կայքերում, որոնցից շատ են օգտվում Հայաստանից:

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի խոշորագույն կապի օպերատորներից եւ հարկատուներից է: