Facebook սոցիալական ցանցից օգտվող ամերկուհին, որի էջը արգելափակվել է անցանկալի հաղորդագրությունների պատճառով, դատի է տվել սոցցանցին: Մերիլենդ նահանգի բնակչուհի Քարեն Բետ Յանգը Facebook-ում գրանցվել է 2010 թվականին փետրվարին, եւ կարճ ժամանակ անց կարողացել է ընկերանալ ցանցից օգտվող ավելի քան 4 հազար մարդու հետ: Յանգը միաժամանակ խումբ է ստեղծել՝ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ, եւ ակտիվ կերպով հրավերներ է ուղարկել ցանցից օգտվողներին՝ առաջարկելով միանալ իր խմբին:
Մի քանի ամիս անց Յանգի էջը արգելափակվել է: Հաղորդագրության մեջ, որը ամերիկուհին ստացել է Facebook-ի ադմինիստրացիայից, ասվում է, որ նա խախտել է ցանցից օգտվելու մի քանի կանոններ՝ ընկերացել է իրեն անծանոթ մարդկանց հետ, ուղարկել է անցանկալի բովանդակությամբ նամակներ, եւ ցանցի հաղորդագրությունների սերվիսը օգտագործել է բիզնես գործունեություն ծավալելու եւ ծանոթությունների համար:
Իր հայցում Յանգը մեղադրել է Facebook-ին՝ իր սահմանադրական իրավունքները խախտելու, սահմանափակ հնարավորությունների տեր քաղաքացիների իրավունքները չպաշտպանելու մեջ (կնոջ մոտ ախտորոշվել է մոլագարային-դեպրեսիվ փսիխոզ): Նա պահանջում է վերականգնել իր էջը եւ փոխհատուցում վճարել, որի չափը դեռեւս որոշված չէ:





























