Օքլենդի համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել, որին ավելի քան 11000 մարդ է մասնակցել (62,5 տոկոս կանայք եւ 37,5 տոկոս տղամարդիկ` 18 տարեկանից մեծ): Եվ պարզել են, որ Facebook-ը կարող է նվազեցնել ինքնագնահատականը, գրում է «Արգումենտի ի Ֆակտին»:
Հետազոտությունը ցույց է տվել. 35-45 տարեկան մասնակցուհիները Facebook-ի պատճառով դժգոհ են եղել իրենց արտաքինից:
Կանանց 69 տոկոսը ֆեյսբուքում էջ է ունեցել, իսկ 58 տոկոսը կայք էր մտել նախորդ շաբաթ: Գիտնականները նկատել էին, որ սոցցանցից օգտվող կանանց մոտ սեփական մարմնից գոհունակությունը սկսել էր նվազել մոտավորապես 30 տարեկանում եւ նորից սկսել էր աճել 50-ից հետո: Այն մասնակցուհիները, որոնք Facebook-ից չէին օգտվել, ավելի գոհ էին իրենց մարմնից:
Ամենից շատ սեփական մարմինը դուր չէր եկել 38 տարեկան կանանց: Ընդհանուր առմամբ կանայք ավելի շատ էին օգտագործել Facebook-ը: Ուժեղ սեռի ներկայացուցիչները պակաս էին մտահոգված սեփական մարմնով: Այնուամենայնիվ, Facebook-ից օգտավող տղամարդկանց սեփական մարմինը դուր էր եկել ավելի քիչ, քան սոցցանցում էջ չունեցողներին:




























