«Մեծ Մետաքսի ճանապարհի» վերականգնման մասին համաձայնագիրը Հայաստանի համար «Դարի համաձայնագիրը» կլինի՝ հատկապես հաշվի առնելով Չինաստանի ներգրավվածությունը Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գործում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը:

Նա պատմել է, որ ընդամենը մեկ ամիս առաջ եղել է Մոսկվայում եւ մասնակցել է «Մետաքսի ճանապարհ. մշակութային համագործակցություն» թեմայով համաժողովին: Համաժողովին ներկա են եղել 16 երկրից ժամանած 300 հյուրեր:

«Մեր տարածաշրջանից ներկայացված էր 4 երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Իրանի Իսլամական Հանրապետություն: Համաժողովին ընդգծվել է «Մետաքսի ճանապարհի» վերագործարկման կարեւորությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, դա մեզ համար շատ կարեւոր է այն առումով, որ դեռեւս միջնադարում Հայաստանը գտնվում էր այդ ճանապարհի վրա եւ առեւտրային հարաբերություններ ուներ շատ երկրների հետ»,- նշել է Նուբար Չալըմյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում այդ ճանապարհը վերականգնելը կարեւոր է Հայաստանի համար. մենք արդեն հնարավորություն կունենանք արտաքին աշխարհ դուրս գալու համար բաց սահմաններ ունենալ: «Մենք պատրաստ ենք, եւ չինական կողմը նույնպես գիտի այդ մասին, տրամադրել մեր մտավոր ներուժը: Հայ-չինական հարաբերությունները վերջին տարիներին ցույց տվեցին, որ չինացիները գնահատում են մեր գիտական ներուժը: Այս մասին է վկայում օրինակ Չինաստանում «Նաիրիտ 2»-ի գործարկումը»,- հիշեցրել է Չալըմյանը:

Պրոֆեսորն ընդգծել է, որ երկաթուղու շինարարության ոլորտում Իրանի եւ Չինաստանի հետ համագործակցելու շնորհիվ Հայաստանի  համար լայն հեռանկարներ կբացվեն: «Խոսելով «Մետաքսի ճանապարհից»՝ մենք պետք է նկատի ունենանք նաեւ հաղորդակցման օդային ճանապարհները: Վստահ եմ, որ բացվելու են Երեւան-Պեկին, Երեւան-Շանհայ չվերթները»,- հավելել է Նուբար Չալըմյանը: