Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելիք «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը ոգեւորության նոր աղբյուր է դարձել Բաքվի համար՝ գրում է «Հայոց աշխարհը»՝ շարունակելով. «Այնտեղ մեծ հույսեր են կապում բանաձեւի, ինչպես նաեւ այն փաստի հետ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկա սեպտեմբերին գլխավորելու է Թուրքիան: Այստեղ նշենք, որ Անվտանգության խորհրդում Թուրքիան ուղղակի «գործավարի» դեր է կատարելու, քանի որ այստեղ պահպանվում է 5 մշտական անդամների վետոյի իրավունքը, որոնցից երեքը Մինսկի խմբի համանախագահներն են: Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեային, ապա թեպետ նրա որոշումները զուտ խորհրդատվական բնույթ ունեն, այնուամենայնիվ քարոզչական որոշակի առավելություն են տալիս մեր հարեւանին: Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը չի էլ թաքցնում, որ սեպտեմբերի 9-ին քննարկվելիք բանաձեւը նախատեսված է քարոզչական նպատակների համար: Նա հայտարարել է, որ «Միջազգային կառույցներում Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին բանաձեւերի առաջադրումն ու քննարկումը շատ կարեւոր է եւ արժեքավոր, քանի որ դրանով միջազգային հանրությունը ստանում է լայն տեղեկատվություն՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության մասին»: Ստեղծված իրավիճակում հայկական կողմն ունի մեկ տարբերակ՝ «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը շրջել հենց իր՝ Ադրբեջանի դեմ:
Բանն այն է, որ այս բանաձեւի առարկան` «միջազգային հումանիտար իրավունք» հասկացությունը ներառում է փախստականների ու հարկադիր տեղահանվածների իրավունքների ողջ գունապնակը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, քաղաքացիությունից ու բնակության վայրից: Մինչդեռ ակնհայտ է, որ «միջազգային հումանիտար իրավունքի» պաշտպանության քողի տակ սեպտեմբերի 9-ին Ադրբեջանն առաջ է մղելու ընդամենը «20 տոկոս տարածքների» մասին ծանոթ նեյնիմները եւ պահանջելու է հերթական միջազգային պատվիրակությունն ուղարկել ԼՂՀ ազատագրված տարածքներ՝ այնտեղ փնտրելու հայ վերաբնակների: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը ցույց է տալիս, որ նույնպես դեմ չեն նման առաքելության իրականացմանը»:





























