ՀԱԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը թիվ 9/11 ընտրատեղամաս էր եկել թոռան՝ Լեւոն Տեր-Պետրոսյան կրտսերի հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քվեարկությունից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն հորդորեց մարդկանց գալ եւ մասնակցել քվեարկությանը:
«Ես հորդորում եմ մարդկանց գալ քվեարկության եւ ազատորեն առանց բռնանալու իրենց կամքն արտահայտել: Երկրորդ՝ մի բան էլ հաստատ գիտեմ, որքան իրական շատ մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











