Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ ԵԱՀԿ գործող նախագահի «անհասցե» հայտարարություններին՝ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության կարգավորման միջորդներ են եւ չեն կարող դառնալ հակամարտության կողմ եւ որեւէ մեկի «պոչը» բռնել»:
«Դրա դասական օրինակը Թուրքիան է: Հենց այն պահից, երբ նա սկսեց ադրբեջանամետ քաղաքականություն վարել՝ պրոցեսից դուրս մնաց: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ եթե համանախագահները փորձեն միակողմանի քայլեր անել, դա մեխանիկորեն կբերի նրան, որ նրանք կդառնան հակամարտության կողմ եւ այլեւս միջնորդ դեր ստանձնել չեն կարող: Դա շատ հստակ է»,-ասել է Գրիգորյանը:




























