Հայաստանում հանրաքվեն անցնում է նորմալ, առանց միջադեպերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ, Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Եվգենի Օբոլոնսկին:
«Մենք աշխատանքը սկսել ենք 7:30-ին, հետեւել ենք ընտրատեղամասերի բացմանը ու մինչեւ կեսօր այցելել ենք 15 ընտրատեղամաս: Ամենուրեք մենք տեսել ենք ընտրատեղամասային հանձնաժողովների հստակ, պրոֆեսիոնալ աշխատանքը՝ համապատասխան թղթաբանության ճիշտ լրացնելու առումով: Բոլոր տեղերում կային անհրաժեշտ նյութեր: Մեր դիտարկումներով՝ ընտրացուցակներում նշվածների մոտավորապես 25-30 տոկոսն արդեն քվեարկել է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է կազմակերպված քվեարկությունը՝ արդար, առանց միջադեպերի »,- ասել է Օբոլենսկին: Պատգամավորներն ընտրատեղամասերում կուտակումներ չեն նկատել, հերթերը չեն գերազանցել 3-4 մարդուն: Դիտորդները շարունակում են այցելել ընտրատեղամասեր մինչեւ 20: 00, որից հետո հետեւելու են ձայների հաշվարկին:











