«Ժամանակ»-ն անդրադարձել է հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, ըստ որի ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը Գյոթեբուրգում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, հայտարարել է. «Այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել ԵՄ եւ ՄԱԿ…Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»:

Գորան Լինդբլադը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դա ապատեղեկատվություն է եւ ինքը նման հայտարարություն չի արել: «Ես նման ելույթ չեմ ունեցել: Ես կարծում եմ, որ նման սկզբունքային հարցերը խորհրդարանների քննարկման հարց չպետք է դառնան: Իմ կուսակցությունը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատները որոշել են, որ նման սկզբունքային հարցերը քաղաքական քվեարկության առարկա չպետք է լինեն: Սոցիալիստները, որպեսզի կոմունիստական կուսակցության իրենց ընկերներին հաճոյանան, որոշել են այդ հարցը մտցնել օրակարգ»: