Հայաստանի դատախազությունը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջնորդություն է ստացել՝ Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Թելման Մխիթարյանին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ միջնորդությունն այժմ քննարկվում է եւ համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կկայացվի համապատասխան որոշում:
Նշենք, որ Թելման Մխիթարյանի նկատմամբ կիրառվել է էքստրադիցիոն կալանք՝ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին» 1993 թվականին ընդունված Մինսկի կոնվենցիայի դրույթների համաձայն: Նա պահվում է կալանավորների ժամանակավոր պահման մեկուսարանում:
Հիշեցնենք, որ Թելման Մխիթարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում: Նա համարվում է Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը: Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:





























