ԼՂՀ Չայլու գյուղի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով վիրավորված Ռուդիկ Մանասերյանը նախօրեին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա այժմ ապաքինվում է:
Նշենք, որ Մանասերյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի վերեւի շրջանում: Թեեւ նրա թոքը չէր վնասվել, սակայն, ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր զինծառայողին բուժող բժիշկ Նորայր Խաչատրյանը՝ Մանասերյանը երկար բուժման կարիք ունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, հետ էին շպրտել իր ելման դիրքերը:





























