Այս տարի հանրապետության ողջ տարածքում առաջին դասարան է գնացել ավելի քան 37 հազար երեխա, ու թեպետ հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը կրճատվել է, մենք այնուամենայնիվ, կարողացել ենք խուսափել ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։   

Նրա խոսքով, եթե ԿԳ նախարարությունն առաջնորդվեր ընդունված նորմատիվային չափորոշիչներով, ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատանքից պետք է ազատվեին շուրջ 3 հազար ուսուցիչներ։ «Սակայն մենք կարողացանք խուսափել այս երեւույթից, եւ սա սոցիալական ոլորտի մեր ամենամեծ ձեռքբերումն էր։ Այդ ուսուցիչներին աշխատանքից չհեռացնելը ես համարում եմ մեր ուսերից ընկած ամենամեծ քարը»,- նշեց նախարարը։

Որպես երկրորդ ձեռքբերում, Աշոտյանն ընդգծեց հանրակրթական բոլոր դպրոցներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու փաստը։

«Հատկանշական է, հատկապես, այն հանգամանքը, որ 1-4-րդ դասարանցի աշակերտների դասագրքերը տրվելու են անվճար։ Խստագույնս կպատժվեն այն դպրոցների տնօրենները, ովքեր կխախտեն  կարգը»,- շեշտեց նախարարը՝ ավելացնելով, որ նախարարությունը պատիժ կկիրառի նաեւ դպրոցական համազգեստ պարտադրող տնօրենների համար։ «Այն դպրոցներում, որտեղ աշակերտների ծնողներն ականատես կլինեն նման դեպքերի, կարող են վեր կենալ եւ գալ ուղիղ իմ ընդունարան։ Մենք տեղում կլուծենք հարցը»,- հավաստիացրեց Աշոտյանը։