Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանում Կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացնելու է մի շարք կարեւոր օրինագծեր եւ ակնկալում է շատ բուռն, շահագրգիռ եւ արդյունավետ քննարկումներ. օրինագծերի թվում են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին», ինչպես նաեւ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին «հեղափոխական» օրինագծերը։ Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։  

Նրա խոսքով, խորքային փոփոխություններ են նախատեսվում հատկապես բուհական կրթության ոլորտում՝ մանասվորապես ուսանող-դասախոս հարբերություններում, բուհական կառավարման համակարգում, պետական եւ մասնավոր բուհերի իրավունքների հավասարության հարցում։ «Այս համատեքստում ուզում եմ նշել, որ բոլոր բուհերի ընդունելությունները պետք է կատարվեն միայն կենտրոնացված քննությունների ձեւով»,- նշեց Աշոտյանը՝ ավելացնելով, որ սա պետական եւ մասնավոր բուհերի միջեւ իրավահավասարության ստեղծման քայլերից մեկն է։

Նախարարն անդրադարձավ նաեւ ոչ պետական բուհերի լիցենզիաների կասեցման գործընթացին՝ նկատելով, որ այստեղ ստուգումների նոր փուլը կսկսվի 2011-ի հունվարին։ «Այդ ստուգումները կկատարվեն 6 ամիսը մեկ անգամ, ինչը թույլ կտա անորակ կրթություն տվող շատ ուսումնական հաստատությունների զրկել արտոնագրից»,- նկատեց նախարարը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ներկայումս հանրապետությունում գործում է մոտ 47 մասնավոր բուհ։ «Իսկ ընդհանրապես, ԿԳՆ նպատակն է, որպեսզի բուհ ընդունվելը հեշտ լինի, սակայն սովորելը եւ ավարտելը՝ շատ դժվար»,- ասաց Աշոտյանը։

Խոսելով լիցենզիայից զրկված մասնավոր բուհերից դուրս մնացած ուսանողների հետագա ճակատագրի մասին՝ նախարարը նկատեց, որ այլ բուհերում ուսումը շարունակելու համար ԿԳՆ դիմել է  նրանցից շուրջ 2200-ը։

Վերջում Աշոտյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կժամանի Իրանի Կրթության եւ գիտության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որը շրջայցեր կկատարի հանրապետության մի շարք բուհերում՝ նպատակ ունենալով համոզվել, որ մեր երկրում բարձրագույն կրթությունը կազմակերպվում է ըստ պատշաճի։ «Բացի այդ, սեպտեմբերի 13-16-ը նախանշված է նաեւ իմ գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա։ Այցը կկայանա այդ երկրի ակադեմիական փոխանակման ծրագրի հրավերով»,- ավարտեց նախարարը։