Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Google-բոմբինգի զոհ է դարձել: Բան այն է, որ երբ Google-ում ֆրանսերեն լեզվով ներմուծում են trou du cul արտահայտությունը եւ որոնում իրականացնում, առաջին արդյունքների մեջ հայտնվում է Facebook-ի Նիկոլա Սարկոզիի անձնական էջը: Իսկ trou du cul արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «հետույք»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սարկոզին դառնում է նման «չարագործությունների» զոհ: 2009-ի հուլիսին արդեն մեկ անգամ նման կատակ արել են Ֆրանսիայի նախագահի հետ, սակայն որոնման տեքստը մի փոքր այլ էր. նախագահի կայքը հայտնվում էր, երբ որոնում էին trou du cul du web արտահայտությունը:
Ի դեմ, տարբեր ժամանակներում Google-բոմբինգի զոհերի թվում են հայտնվել համաշխարհային այլ առաջնորդներ եւս: Այսպես. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կայքը հայտնվում էր, երբ որոնում էին liar (ստախոս) բառը, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կայքը հայտնվում էր, երբ որոնում էին miserable failure (ողորմելի անհաջողակ) արտահայտությունը, հաղորդում է «Պոդրոբնոստին»:





























