Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը սեպտեմբերի 28-30-ը կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։  

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում կքննարկվեն կրթական դաշտին վերաբերող, վիրահայությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր։ «Հուսով եմ գործընկերոջս հետ հանդիպման ժամանակ կստորագրվի նաեւ 2008 թվականից իր ուժը կորցրած գործունեության ծրագիրը»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի Վրաստանում հայոց լեզվի դասավանդման խնդիրներին։ «Հույս ունեմ Վրաստանի ԿԳ նախարարը Հայաստան կգա այս հարցի լուծման առաջարկով»։

Վերջում նախարարը տեղեկացրեց, որ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում նախատեսվում է վրացերեն լեզվի կենտրոն հիմնել։

Նշենք, որ նախօրեին Վրաստանի հայ համայանքը Թբիլիսիի թիվ 110, 95 հանրակրթական դպրոցների եւ 146 դպրոցի հայկական հատվածի վերացման առիթով պաշտոնական նամակ էր հղել այդ երկրի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինին։