Ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը վերջնականապես կավարտվի 2011 թվականին։ Այս մասին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշելով, որ հանրապետությունում ներկայումս կա 91 ավագ դպրոց, նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի կբացվեն եւս 44-ը։ «Ընդ որում, թերահավաք ավագ դպրոցներ չունենք։ Կան մինչեւ 15-16 հոգուց բաղկացած դասարաններ»,-ասաց նա։
Նախարարը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ ավագ դպրոցները եւ միջին մասնագիտական կրթության հաստատությունները անընդհատ պայքարի մեջ են միեւնույն աշակերտների համար։
Անդրադառնալով էքստերնի (դասարանից դասարան թռիչքային կերպով տեղափոխվել) երեւույթին՝ Աշոտյանը նշեց, որ այն գոյություն ունի միայն 1-9-րդ դասարաններում, բայց ոչ մի դեպքում՝ ավագ դպրոցում։ «Այն դպրոցների տնօրենները, ովքեր կխախտեն այս պարտադիր կարգը, խստագույնս կպատժվեն։ Նրանց աշխատանքից ազատելու մասին որոշումը ես ինքս կստորագրեմ»,- շեշտեց նախարարը՝ ավելացնելով, որ պատիժը կտարածվի բոլորի վրա՝ անկախ այդ տնօրենի «խնամի-ծանոթ- բարեկամ»-ական կապերից եւ զբաղեցրած դիրքից։



























