Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի արձագանքը ադեկվատ չէր: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ համանախագահները փորձում են պարիտետ պահել եւ խուսափում են դատապարտել Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունները: «Այդ հայտարարությունները պետք է լինեին հասցեական, քանի որ արդեն իսկ ապացուցված է, որ այդ գործողությունները կատարել է ադրբեջանական կողմը: Եթե համանախագահներն արդարամիտ են, ապա պետք է դատապարտեին Ադրբեջանի պահվածքը»,-նշեց պատգամավորը:

Ըստ Մինասյանի՝ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները վկայում են այն մասին, որ ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունները նրա սրտով չեն: Այդ դժգոհությունը, ըստ Մինասյանի, պայմանավորված է Ռուսաստանի գործոնով, քանի որ Ադրբեջանը հույս ուներ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրել, C-300 զինատեսակներ ստանալ, ինչը տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմն ու դիվերսիոն գործողություներ իրականացնում:  Վերջին դիվերսիոն գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: