Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բժշկական ստացիոնար սպասարկման ծառայությունների արժեքը 2010-ի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 47,7 տոկոսով:

Ռենտգեն հետազոտություն անցնելու համար քաղաքացին ստիպված է լինելու 2,3 անգամ ավելի շատ գումար վճարել, քան նախորդ տարի: Խորհրդատվությունները հիվանդների համար կարժենան 1,6 անգամ ավելի թանկ: Հիվանդանոցների վիրաբուժական ծառայությունների գինը նախորդ տարվա համեմատ աճել է 77,5 տոկոսով:

Այսինքն, այս տարի երկրում բուժվելն ավելի թանկ է  դարձել, քան նախորդ տարի: Բայց ցավոք, միայն այդ ծախսերով հիվանդները չեն բավարարվում: Վաղուց ավանդույթ է դարձել «երախտագիտություն» հայտնել բժիշկներին եւ հիվանդանոցների սպասարկող անձնակազմին` որը կրում շատ «նյութական» բնույթ: Խորհրդային շրջանում, երբ բժշկական սպասարկումն անվճար էր, քաղաքացիներն այդ սպասարկման համար մեծ գումարներ էին տնտեսում: Այդ սկզբունքը պահպանվել է նաեւ հիվանդանոցները վճարովի դառնալուց հետո: