Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսն այս առավոտ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ողջունել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

Կիլիկիո կաթողիկոսարանի կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ն մասնավորապես ասել է. «Այս կարեւոր քայլը պետք է ավելի ամրապնդի ժողովրդավարությունն ու առիթ ստեղծի, որ ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցություններն ավելի լայն ու գործուն մասնակցություն ունենան, ինչպես նաեւ հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հնարավորություն պետք է ընձեռի»:

Վեհափառը նաեւ վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու աշխատանքներին։