ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը հետաձգվել է 2 օրով եւ քննարկվելու է սեպտեմբերի 9-ին: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Նշենք, որ նախապես բաանձեւի նախագիծը պետք է քննարկվեր սեպտեմբերի 7-ին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության վարչության անդամ Սամվել Նիկոյանը, այսօրվա դրությամբ դեռ վաղ է կանխատեսել այդ փաստաթղթի ճակատագիրը ՄԱԿ-ում, քանի որ քվեարկությունները հաճախ ինքնաբուխ բնույթ են կրում: «Շատ պատվիրակություններ անգամ չեն էլ ծանոթանում այն փաստաթղթերի հետ, որոնց օգտին քվեարկում են»,- նկատել է ԱԺ փոխնախագահը: Նա միաժամանակ նշել է, թե Ադրբեջանը ձգտելու է ստանալ Իսլամական կոնֆերենցիա կազմակերպության անդամների աջակցությունը: «Այդ երկրների դիրքորոշումը պայմանավորված է կրոնական ընդհանրություններով»,- ընդգծել է Նիկոյանը՝ միաժամանակ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հակամարտություն չէ:
Նա նշել է նաեւ, որ պաշտոնական Երեւանն ակտիվ աշխատանքներ է տանում ՄԱԿ-ում բաանձեւի ընդունումը խափանելու ուղղությամբ: «Հիշեցնեմ, սակայն, որ 1992-ից այդ կազմակերպությունը Ղարաբաղի հարցով բազում բանաձեւեր է ընդունել, որոնցից եւ ոչ մեկը կյանքի չի կոչվել: Այնպես որ, նոր փաստաթուղթը միայն կլրացնի չկատարված բանաձեւերի ցանկը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:





























