SMS հաղորդագրությունների վերջում դրված վերջակետերը ընթերցողի մոտ կեղծավորության տպավորություն են թողնում։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ Բինգեմթոնի համալսարանի հոգեբանները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Computers in Human Behavior ամսագրում։

Սելիք Քլինը եւ նրա գործընկերները 126 ուսանողի շրջանում փորձ են անցկացրել՝ նրանց կարդալ տալով 2 անձանց միջեւ SMS հաղորդագրությունները։

Ուղարկողի նամակը ձեւակերպված է եղել հարցի տեսքով. «Դեյվն ինձ ավելորդ տոմս է տվել։ Ուզու՞մ ես գալ»։ Պատասխանը բաղկացած է եղել համաձայնություն արտահայտող մեկ բառից, որն ուղարկվել է 2 տարբերակով՝ վերջակետով եւ առանց վերջակետի։ Փորձի բոլոր մասնակիցները նշել են, որ վերջակետով պատասխաններն իրենց վրա կեղծ տպավորություն են թողել։

«SMS հաղորդագրությունները զուրկ են մարդկային հույզերը, հայացքը եւ ժեստերը փոխանցելու հնարավորությունից։ Նման իրավիճակում մարդիկ զրուցակցի տրամադրությունը գուշակում են «սմայլերի» եւ կետադրական նշանների միջոցով»,- նշում է Քլինը։