ՀՀ վարչական դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի հայցը, որով բողոքարկվում էր սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն արգելելու մասին Երեւանի քաղաքապետարանի որոշումը: Դատարանի վճիռը հրապարակվեց քիչ առաջ:
Փաստաբան Վահե Հովսեփյանը դատարանից պահանջեց անվավեր ճանաչել քաղաքապետարանի կայացրած որոշումը` պնդելով, որ կայացվել է ապօրինի որոշում, քանի որ այն պահին, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն իրազեկել են հանրահավաքի մասին, քաղաքապետարանի միջոցառումների գրանցման մատյանում նույն օրվա համար ոչինչ գրանցված չի եղել: Դա նշանակում է, որ ոչինչ այդ պահին իրազեկված չի եղել եւ ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, առաջնությունը պետք է տրվի իրազեկված միջոցառմանը: Վահե Հովսեփյանը NEWS.am-ին հայտնեց, որ վարչական դատարանի որոշումն անհիմն է եւ այն պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Ըստ կարգի, վճռաբեկ բողոքը պետք է ներկայացվի մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ ՀԱԿ-ը մտադիր է սեպտեմբերի 17-ին հայտարարված հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում:





























