Ուկրաինայի Գերագույն ռադայում բախում է տեղի ունեցել Յուլիա Տիմոշենկոյի բլոկի խմբակցության եւ «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորների միջեւ: Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, խորհրդարանում ընդմիջման ժամանակ Յուլիա Տիմոշենկոյի բլոկի ընդդիմադիր պատգամավորները փորձել են առաջանալ դեպի նախագահություն եւ շրջափակել այն, իսկ «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորները փորձել են խանգարել նրանց: Ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են մի քանի պատգամավորներ:
Ընդդիմադիր խմբակցությունը ցանկանում էր շրջափակել Գերագույն ռադայի նախագահությունը, պահանջելով, որպեսզի քվեարկության դրվի իրենց նախաձեռնած օրինագիծը` բնակչության համար գազի գնի բարձրացման որոշման կիրառումը հետաձգելու վերաբերյալ:
Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանում բավական հաճախ են ծեծկռտուքներ տեղի ունենում:





























