Երեւանում սեպտեմբերի 9-13-ը տեղի է ունենալու «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն (մուլտիպլիկացիոն կինոնկար) կինոփառատոնը։ Մինչ փառատոնի մեկնարկը՝ կազմակերպիչներն այսօր` սեպտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսում պարզաբանեցին փառատոնի ծրագրային մանրամասները: Ասուլիսին ներկա էին նաեւ «ՌեԱնիմանիա 2010»-ի աջակիցները՝ ՀՀ մշակույթի նախարարության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի դեսպանությունների, Ֆինլանդիայի պատվո հյուպատոսության, ինչպես նաեւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն կերպ աջակցել են կինոփառատոնի կայացմանը։ Նախորդ տարի կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել է 35 անիմացիոն ֆիլմ, իսկ այս տարի ֆիլմերի քանակն ավելացնել է 10-ով։
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստների եւ արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ անգամ է ֆինանսական աջակցություն ցուցաբերում փառատոնին՝ 2011 թ. բյուջեով նախատեսվում է կինոփառատոնին տրամադրել 2 մլն դրամ (մոտ 5400 դոլար)։ «Սա մասնակի աջակցություն է, հուսով եմ, հետագայում մենք կկարողանանք ամբողջական աջակցություն ցուցաբերել անիմացիոն կինոփառատոնին»,-ասաց Ս. Հարությունյանը։
Կինոփառատոնը բացվելու է ֆրանսիական պրեմերիայով՝ «Աճպարարը» (l”Illusioniste) ֆիլմի ցուցադրությամբ, իսկ փակվելու է «Սասնա ծռեր» ֆիլմով։ Փառատոնին ներկայացված ֆիլմերի մի մասը ցուցադրվելու է առաջին անգամ։
ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ, որտեղ ցանկացողները կարող են անվճար դիտել կինոփառատոնի նախորդ տարվա լավագույն ֆիլմերը։ Բացօթյա անվճար ցուցադրությունները հավանաբար տեղի կունենան «Կասկադի» շրջակայքում։





























