ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուափսեի շրջանում երիտասարդ կինը մահացել է, մինչ բուժանձնակազմը նշում էր գլխավոր բժշկի ծննդյան օրը։ Կնոջ հարազատները վստահ են, որ բուժանձնակազմը, հիվանդին առաջին օգնություն ցուցաբերելու փոխարեն, պատրաստվում էր շնորհավորել գլխավոր բժշկին։

24-ամյա Յանա Պլակսիին դեկտեմբերի 2-ին տեղափոխել էին Տուփսեի շրջանի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատուն։ Կինը բողոքում էր որովայնի շրջանում սուր ցավերից։ Սակայն մահացածի մոր՝ Մանուշակ Մելքոնյանի խոսքով՝ բժիշկները հղի կնոջը բժշկական օգնություն չեն ցուցաբերել։

«Յանան հեռախոսով ինձ ասաց, որ բժիշկներն իրեն ցավազրկող են ներարկել եւ գնացել են ծնունդ նշելու։ Երբ նա գնացել էր բժշկի մոտ, նրան կոպիտ պատասխանել են, թե ոչ առաջինն ես ոչ վերջինը, ցավից չես մեռնի։ Հետո նրան ներարկում են արել եւ ինչ-որ տեղ գնացել։ Աղջիկս բացարձակ միայնակ է մնացել։ Եվ երբ նա մահանում էր, կողքին ոչ ոք չկար։ Նրանք ծննդյան տոն էին նշում»,- ասել է Մանուշակ Մելքոնյանը։

Ինչպես պարզվել է, մահվանից առաջ Յանա Պլակսին փորձել է զանգահարել իր բժշկին՝ Լարիսա Առաքելովային։ Սակայն  նա նույնպես չի պատասխանել։

«Յանան մորաքրոջը գրել էր, որ վատ է զգում եւ մահանում է... Մորաքույրը շտապել էր հիվանդանոց, իսկ այնտեղ նրան հայտնել էին, որ Յանան մահացել է,- հավելել է Մանուշակ Մելքոնյանը,- մենք նրան թաղեցինք չծնված երեխայի հետ նույն դագաղում»։

Մահացած կնոջ ամուսինը վստահ է, որ իր կինը որեւէ պաթոլոգիա չի ունեցել։ «Այն բանից հետո, երբ Յանան դադարեց պատասխանել զանգերին, ես գնացի հիվանդանոց։ Այնտեց ինձ ոչ ոք ոչինչ չասաց, միայն բժիշկը տարավ իր սենյակ եւ ասաց, որ կինս մահացել է։ Հետո ոչինչ չեմ հիշում, ասես ուշաթափված լինեի»,- պատմել է տղամարդը։

Ինչպես հայտնում է LifeNews-ը, կատարվածի հաջորդ օրը գլխավոր բժիշկը տոնում էր իր ծննդյան օրը։ Ընդ որում, նա եւ մանկաբարձուհին հերքում են, որ ծննդյան տոնը կարող էր հիվանդի մահվան պատճառ դառնալ։

«Այո, ես իմ ծննդյան օրը դեկտեմբերի 3-ին է, բայց դա որեւէ կապ չունի կատարվածի հետ»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանը։