Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի եւ Հայաստանում Beeline-ի հետ համագործակցութամբ դեկտեմբերի 12-13-ին Վանաձոր քաղաքում կազմակերպում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ։
Մրցույթի ընթացքում ծրագրավորողներից եւ «չծրագրավորողներից» կազմված թիմերը կմշակեն տարբեր ոլորտներին առչնվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետեւ կներկայացվեն մասնագետների եւ մենթորների դատին։
«Մեզ հաջողվեց Գյումրիում փոխել մտածելակերպ եւ կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու եւ տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար: Այս հաջող օրինակի հիման վրա ցանկանում ենք Վանաձորը նույնպես դարձնել տեխնոլոգիական հզոր կենտրոն: Նպատակին հասնելու առաջին քայլերն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը եւ նմանատիպ մրցույթների իրականացումը, ինչպիսին է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն 2015-ը»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ շատ մեծ է։ Մենք ստացել ենք 70 դիմում, ընդհանուր 250-ից ավել մասնակիցներով։ Առաջարկվող լուծումները տարբեր ոլորտների են առնչվում՝ սկսած առողջապահությունից մինչեւ բնապահպանություն կամ առեւտուր։ Կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ամպային միջավայրում փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող թիմերին», - նշում է Արտաշես Վարդանյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։
«Մշտապես հետեւելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ես ինքս բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ նմանատիպ միջոցառումները մասնակիցներին հնարավորություն են տալիս կատարելագործելու իրենց գաղափարները եւ հանդիսանում են փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Կարող եմ վստահությամբ նշել, որ հենց այս երիտասարդների ձեռքերում է գտնվում թվային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մրցույթի մշտական գործընկեր Հանրային լրագրության ակումբը Knight – Mozilla OpenNews հիմնադրամի անունից խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դրա դեմո տարբերակը մշակած թիմին: «Ի թիվս այլ ընտրության չափանիշների, մասնավորապես հաշվի են առնվելու գաղափարի իրատեսականությունն ու կիրառելիությունը Հայաստանյան մեդիա դաշտում, նորարարությունն ու թիմի՝ նածագիծը զարգացնելու հաստատակամությունը: Նախատեսված պարգեւին կավելանա նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված խրախուսական մրցանակներից մեկը», - ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը անցկացվելու է Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։
Նշենք, որ «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանու Beeline–ի, Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 եւ 5 ավագ դպրոցների աջակցությամբ։



























