Իրանի ԱԳՆ-ն պահանջում է չխառնվել իրանուհի, 43-ամյա Սակինե Աշտիանիին քարկոծման ճանապարհով մահապատժի ենթարկելու գործին: «Եթե սպանության համար մահապատժի ենթարկված բոլոր մարդկանց ազատման հարցը մարդու իրավունքներին է վերաբերում, այդ դեպքում եվրոպական երկրները պետք է ազատ արձակեն իրենց բանտերում գտնվող բոլոր մարդասպաններին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ իրանուհու նկատմամբ մահվան դատավճիռը բողոքի ու քննադատության ալիք է առաջ բերել ամբողջ աշխարհում: Աշտիանիի պաշտպանության օգտին հանդես են եկել հայտնի քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ: Մասնավորապես, Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Վերջինս, ի դեպ, այդ դատավճիռն անվանել է «աննկարագրելի բարբարոսություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2 երեխաների մայր, 43-ամյա Աշտիանին դատապարտվել էր մահապատժի` քարկոծման միջոցով: Նա մեղադրվում է ամուսնական դավաճանության, ինչպես նաեւ սեփական ամուսնուն սպանելու մեջ: Սակայն, իրավապաշտպանները պնդում են, որ նա խոստովանական ցուցմունքներ տվել է խոշտանգումների արդյունքում: Կնոջ պաշտպաններին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս գործի վրա, որից հետո մի շարք երկրներ դատապարտել են իրանական արդարադատության գործողությունները, իսկ որոշ երկրներ առաջարկել են քաղաքական ապաստան տալ Աշտիանիին:
The Guardian-ի տվյալներով, ներկայումս Իրանում քարկոծման միջոցով մահապատժի են սպասում 12 կին եւ երեք տղամարդ: Նշենք, որ Իրանում մահապատիժների իրականացումը հետաձգվել է Ռամադանի տոների կապակցությամբ:





























