2010 թ. սեպտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25 տոկոս:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6 տոկոս:
ԿԲ խորհուրդը փաստել է, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` «Հացամթերք», «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» եւ «Միրգ» ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ հետագա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձեւավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ: Սա հետաքրքիր է այն առումով, որ դեռեւս գարնան սկզբին` ապրիլին, ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե գնաճի անկման փուլ ենք մտնում, այնինչ մինչ օրս մենք բացառապես գնաճի ենք ականտես լինում:
Միաժամանակ Խորհուրդը միակարծիք է, որ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը եւ արժութային շուկայի ներկա զարգացումները շարունակում են նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:
Հաշվի առնելով բացառապես առաջարկի գործոններով գնաճի արագացման փաստը, ինչպես նաև պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, Խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից:





























